2 հարցազրուցավար 1 հարցազրույցում. 12 մանրուք, որ կարևոր է իմանալ.

The Benefit > The Benefit Armenia > 2 հարցազրուցավար 1 հարցազրույցում. 12 մանրուք, որ կարևոր է իմանալ.

Աշխատանքի ընդունման հարցազրույցները հաճախ, բացի ՄՌԿ ներկայացուցիչներից, ընթանում են այլ մասնագետների մասնակցությամբ։ Շատ կարևոր է երկու հարցազրուցավարների՝ միմյանց հետ համահունչ աշխատանքը։ Կարևորելով մանրուքները՝ առանձնացրել եմ մի քանի երևույթ, որոնք կարող են փչացնել հարցազրույցը։ Կարծում եմ օգտակար կլինի և՛ ՄՌԿ մասնագետների, և՛ մասնագիտական հարցազրույց անցկացնող մասնագետների համար խուսափել նմանօրինակ վարքից, ինչը կարող է որակապես անդրադառնալ Ձեր ընկերության ճիշտ ներկայացման վրա։

1․ Տալ հարցեր, որոնց թեկնածուներն արդեն հոգնել են պատասխանել․ «Որտե՞ղ եք տեսնում Ձեզ 5 տարի հետո, «Որո՞նք են Ձեր ուժեղ ու թույլ կողմերը» և այլն

2․ Գնահատողական բացականչություններ անել․ «ըմմ», «վայ», «պարզաաա՜», «Ինչպե՞ս կարող է այդպես », հոգոց հանել։

3․ Թերագնահատել թեկնածուի կատարած աշխատանքը․ «Շատ հեշտ բան է դա», «Պարզունակ համակարգ եք օգտագործել», «Դա կարող էր 16 տարեկանն էլ անել» և այլն։

4․Օգտագործել փակ կամ հաստատական ձևակերպված հարցեր․ «Դուք թիմային աշխատակից եք, չէ՞»։ Դրանք ուղղորդող բնույթ ունեն, քանի որ հարցում արդեն հնչում է Ձեզ համար ցանկալի պատասխանը, բացի այդ նման հարցերի պատասխանը կարող է սահմանափակվել ԱՅՈ/ՈՉ-ով և չտալ երևույթի մասին ընդհանուր տեղեկություն։

5․ Կատարել անձի մասին եզրահանգումներ․ «Դե դուք երևի մելանխոլիկ եք», «Դուք երևի սիրում եք միայնակ մնալ»։ Սա կարող է դիտվել որպես անձնական սահմանների խախտում, և ի վերջո, նման եզրահանգումներն ունեն չափազանց սուբյեկտիվություն։

6․Ուշանալ հարցազրույցներից։ Ամենաքննարկվող կետն է թերևս, բայց միշտ արդի ևս մեկ անգամ հիշեցնելու համար։ Այս կոնտեքստում հարկ է նշել, որ ցանկալի է ընկերության երկու ներկայացուցիչները միասին ներկայանան զրույցին:

7․ Անպատրաստ ներկայանալ հարցազրույցի․ շատ կարևոր է, որ մասնագետը նախօրոք ունենա կազմված հարցեր, ըստ որի կարող է վարել կառուցվածքավորված հարցազրույց։ Սա իհարկե չի պարտադրում մոռանալ ճկունության մասին։ Հարցազրույցի պատրաստվելու գործընթացում կարևոր է նաև թեկնածուի մասին բավարար ուսումնասիրություններ կատարելը՝ առնվազն կարդալ CV-ին, ուսումնասիրել LinkedIn-յան էջը։

8․ Տալ հարցեր, որոնց պատասխանը կա CV-ում․ «Որքա՞ն ժամանակ եք աշխատել այդ ընկերությունում», «Ո՞ր ընկերությունում եք այժմ աշխատում», «Ո՞ր համալսարանն եք ավարտել․․․»։

9․ Ընդհատել մյուս հարցազրուցավարին կամ թեկնածուին։ Ասել, որ կարող է չպատասխանել հարցազրուցավարի հարցին։

10․ Փոխել մյուս հարցազրուցավարի հարցը։ Անհրաժեշտության դեպքում կարելի է փոքրիկ հավելումներ կամ ճշգրտումներ մտցնել, սակայն լիովին հարցը փոխելը կարող է դիտվել ոչ պրոֆեսիոնալ:

11. Առաջին և երկրորդ հարցազրույցներին տալ նույն հարցերը։ Եթադրվում է, որ երկու հարցազրույցներն ունեն փուլային հերթականություն, և քանի որ դուք ունեք արդեն որոշակի պատկեր և հարցերի պատասխան առաջին հարցազրույցից, փորձեք երկրորդ հարցազրույցը կառուցել մի փոքր այլ շեշտադրմամբ՝ կախված հաստիքի առանձնահատկություններից:

12․ Հարցազրույցն ավարտել աշխատավարձի ակնկալիքների ճշգրտմամբ։ Փորձե՛ք այդ մասին խոսել հարցազրույցի վերջում, բայց մի եզրափակեք խոսակցությունը դրանով։ Այդպես տպավորություն կարող է ստեղծվել, որ այդ հարցի պատասխանից հետո անիմաստ եք համարում զրույցի շարունակությունը:

Յուրաքանչյուր մասնագետ և ընկերություն ունի իր համար սահմանված ոսկե կանոններն և աշխատանքային ոճը: Այս կետերն արտահայտում են իմ մոտեցումը՝ հարցազրույցի գործընթացն իդեալականին մոտեցնելու վերաբերյալ: Կետերից շատերը բավական քննարկված են, բայց դրանց պարբերաբար վերհիշումը նպատակ ունի պահպանել մասնագիտական զգոնությունը: